Տրամադրում ենք անհրաժեշտ սարքավորումներ Հայաստանում սոցիալական աշխատողի ոլորտը զարգացնելու համար

Delivering equipment to strengthen the field of social work in Armenia
Ani Chitemyan
Ուրբաթ, Հուլիս 10, 2020

Հայաստանում ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսին և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը հանձնեցին սարքավորումներ և կահույք Տավուշի մարզի Այրում քաղաքի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին՝ Հայաստանում սոցիալական ոլորտի հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում։ 

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ Այս ծրագիրն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը։

Կահույքը և սարքավորումները, որ ներառում են համակարգիչ, տպիչ, գրասեղան, աթոռ և պահարան կօգնեն Թագուհուն ոչ միայն ունենալ բարենպաստ աշխատանքային պայմաններ, այլ նաև ապահովել քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ 

Այս տարվա հունիս ամսից սկսած նմանատիպ աջակցություն է ստացել ևս 30 համայնք Հայաստանի հինգ մարզերում:

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • Ծրագրի, ինչպես նաև կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շնորհիվ 86 համայնքում այսօր աշխատում է 91 (71 կին, 20 տղամարդ) համայնքի սոցիալական աշխատող:
  • Ծրագրի ընթացքում 6581 առավել խոցելի ընտանիքների ավելի քան 29000 անդամ ստացել է համայնքի սոցիալական աշխատողի խորհրդատվություն և աջակցություն:
  • 1151 ընտանիքների հետ մշակվել և իրականացվել են ընտանիքների ​​զարգացման ծրագրեր: Համայնքային սոցիալական աշխատողները նաև ակտիվ ներգրաված են հաստատությունից տուն վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման և այդ ընտանիքների բարեկեցության մշտադիտարկման իրականացման գործընթացում:
  • 2018թ․-ին մշակվել է համայնքի սոցիալական աշխատողի հեռավար ուսուցման հատուկ դասընթաց՝ Երևանի պետական ​​համալսարանի հետ համագործակցությամբ: 2019թին այս դասընթացն ավարտել և հատուկ հավաստագիր է ստացել 19 համայնքային սոցիալական աշխատողներ: 2020թ․-ին ևս 16 սոցիալական աշխատող ներառվել է նշված հատուկ դասընթացում, որի տևողությունը 11 ամիս է:
  • 61 համայնքային սոցիալական աշխատող երեք տարի շարունակ մասնակցել է վերապատրաստումների գործող օրենսդրության, սոցիալական ծառայությունների ինստիտուտի կարևորության, սոցիալական դեպքերի վարման մեթոդաբանության և գործիքների վերաբերյալ: Այս վերապատրաստումների ծրագրերը նախապես քննարկվել և հաստատվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ:
  • Ծրագիրը աջակցել է նաև Երևան քաղաքի սոցիալական բարեփոխումների իրականացմանը, որի արդյունքում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում 2020թին ներդրվելու են համայնքային սոցիալական աշխատողների հաստիքներ: Այս տարվա ընթացքում ծրագիրը նախատեսում է վերապատրաստում իրականացնել Երևան քաղաքի 54 սոցիալական աշխատողի համար:
  • Ծրագիրը մշակել է ոլորտը կարգավորող փաստաթղթերի փաթեթ՝ համայնքային սոցիալական աշխատողի աշխատանքների նկարագիր, մեթոդաբանություն, մասնագիտական բառարան, իրավունքների ու պարտականությունների թերթիկ, վերապատրաստողների ձեռնարկ, COVID-19 համավարակի պայմաններում սոցիալական աշխատանքի իրականացման ուղեցույց և այլն:
  • Ապահովելու համար ծրագրի մասնագիտական բաղադրիչը և համապատասխանությունը սոցիալական ոլորտի ռեֆորմներին, ծրագիրը սերտ համագործակցում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության հետ: